Рубрика: Ճանփորդություն, Էկոլոգիա

Ջերմուկը որպես Հայաստանի մաս

Այս ամիս մենք ուսումնական ճամփորդություն ունեցանք Ջերմուկում, որի ընթացքում ուսումնասիրեցինք այնտեղ եղած էկոլոգիական խնդիրները։ Այն Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է։ Հանքային ջրի մշակումը ուսումնասիրելու նպատակով մեկնեցինք «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ», որտեղ ծանոթացանք գործարանի աշխատանքին, թե ինչպես է հանքային ջուրը աղբյուրից բերվում գործարան, ֆիլտրվում և պատրաստվում վաճառքի հանձնմանը։ 2016 թ. կառուցվեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի բոլորովին նոր, գերժամանակակից գործարանը, որը հնարավորություն է տալիս ավելացնել արտադրանքի ծավալները և բավարարել Ջերմուկի տարեցտարի աճող պահանջարկը՝ թե Հայաստանում, և թե արտերկրում: Նաև ծանոթացանք հանքային ջրերի բաղադրության և նրա ավանդույթին։

Կա մի լեգենդ, որի համաձայն, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, այս կուսական անտառները լիքն էին ամենատարբեր որսատեսակներով։ Եվ ահա, մի անգամ, փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին։ Վիրավոր եղնիկը մեծ ճիգերով, վերջին ուժերը հավաքած, սկսում է փախչել։ Որսորդը կրնկակոխ հետապնդում է նրան։ Մի կերպ, ոտքերը հազիվ քարշ տալով, եղնիկը հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և… այ քեզ հրաշք, ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված և անմիջապես անհետանում անտառի խորքը։ Կյանքում ամեն ինչ տեսած փորձառու որսորդը ապշում է հասարակ ջրի կատարած հրաշքից, և այդ օրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավը աշխարհե-աշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին ու Ջերմուկի խորհրդանիշը։

Հանքային ջրերի ուսումնասիրություններ են կատարվել 1925, 1938-1939 թվականներին։ Առողջարանի, հանքային աղբյուրների և առողջարանային բուժման գիտական հիմնավորման գործում մեծ դեր են խաղացել Լ․ Հովհաննիսյանը, Ա․ Մելիք–Ադամյանը, Ա․ Հակոբյանը և ուրիշներ։ Ջերմուկի բուժական հիմնական գործոններն են՝ կլիման և հանքային ջրերը։ Լոգանքի առաջին շենքը կառուցվել է 1940 թ.-ին։ Այն ուներ 12 մահճակալ։ 1982 թվականի տվյալներով գործում է 7 հանքաղբյուր՝ 3-ը աջափնյա սարահարթում, 4-ը՝ Արփայի ձորում, 17 մ/վրկ մշտական ջրապաշարներով։ Հանքային ջրերը ածխաթթվային, հիդրոկարբոնատ-սուլֆատ–քլորիդային, նատրիում–կալցիում, մագնեզիումական ջրերի շարքին են դասվում՝ հետևյալ քիմիական բաղադրությամբ։

Ջերմուկի ջրերը քիմիական կազմով նման են Ժելեզնովոդսկի և Կառլովի Վարիի հանքային ջրերին։ Առողջարանային բուժման համալիրն ընդգրկում է հանքային տաք ջրի ներքին և արտաքին օգտագործումը, բուժական սնունդը, մարմնամարզությունը, քայլաբուժությունը, կլիմայական և ֆիզիոթերապևտիկ միջոցառումները, դեղորայքային բուժումը և առողջարանային ռեժիմը։ Ջերմուկում բուժվում են ստամոքսաղիքային համակարգի (ստամոքսաբորբեր, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցեր), լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական ապարատի, ծայրամասային նյարդային համակարգի, գինեկոլոգիական հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով (շաքարախտ, միզաթթվային դիաթեզ) տառապողները։

Оставьте комментарий