Рубрика: Էկոլոգիա

Ջուր

Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտում կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց: Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ, քիմիական բանաձևը՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։

Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։ Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։ Ջուրն ամենուր է՝ օվկիանոսներում ու ծովերում, գետերում ու լճերում, գետնի տակ ու հողում: Երկրի հեղուկ ջրի շերտը կոչվում է ջրոլորտ, պինդ ջրի շերտը՝ սառցոլորտ: Ջրոլորտի սահմաններում ջրի ընդհանուր պաշարները կազմում են 1,4 մլրդ կմ3: Ջրային պաշարների 97 %-ը բաժին է ընկնում Համաշխարհային օվկիանոսին, և միայն 3%-ն են կազմում ցամաքի ջրերը: Ջուրը ջրածնի և թթվածնի քիմիապես կայուն միացություն է (H2O): Ունի ջրածնական կապերի խիտ ցանց, ինչը և պայմանավորում է նրա բարձր եռման ջերմաստիճանն ու հալման մեծ տեսակարար ջերմունակությունը: Ջուրը նաև լավ լուծիչ է: Քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ են պարունակում սառցադաշտերը, որոնց ջուրը մարդուն առայժմ մատչելի չէ: Ներկայումս քաղցրահամ ջուր ունենալու նպատակով փոխում են գետերի հունը` ջրառատ վայրից դեպի սակավաջուր շրջան, այսբերգներ են տեղափոխում և աղազերծում ծովի ջուրը: Օրինակ՝ Քուվեյթում արդեն գործում են աղազերծման 5 խոշոր գործարաններ:Մաքուր ջուրը ոչ թթվային է, ոչ հիմնային։ Մաքուր կամ թորած ջրի մեջ ընկղմված ինդիկատորային թուղթը ցույց է տալիս, որ այն չեզոք է։ Անձրևաջուրը միշտ թթվային է, քանի որ պարունակում է ածխածնի երկօքսիդ։ Մթնոլորտի միջով ընկնելու ընթացքում անձրևի կաթիլների մեջ օդից որոշ քանակությամբ ածխաթթու գազ է լուծվում։ Դրա հետևանքով անձրևը վերածվում է թույլ թթվի։ Այս փորձի ընթացքում ածխաթթու գազ ստացվում է՛ կալցիումի կարբոնատի կտորների վրա թթու ավելացնելով։ Գազն անցկացվում է թորած ջրի միջով, որը, ինչպես ցույց է տալիս ինդիկատորային թուղթը, դառնում է թթու։ Թթվային անձրևաջուրը հողմահարող գործոն է. այն, թեև դանդաղ, բայց կարող է քայքայել կրաքարը։

Ջրի շրջապտույտը բնության մեջ

Ջուրն անընդհատ «կռվի» մեջ է քարոլորտի հետ: Հոսող ջրերը պոկում են ժայռաբեկորներ, քշում-տանում բերրի հողը, ջարդում-մանրացնում ապարները, քանդում ափերն ու հունը, փորում անդնդախոր կիրճեր, հարթավայրերում կուտակում նստվածքներ և այլն: Բացառիկ է նաև ջրի դերը արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման գործում. 1 տ պողպատ ձուլելու համար ծախսվում է 100 մ3 ջուր, 1 տ թղթի արտադրության համար՝ 250 մ3, կապրոնի արտադրության համար՝ 5000 մ3, իսկ միջին հզորության ատոմակայանին օրական պետք է 1 մլն մ3 ջուր: Հոսող ջրի էներգիան մարդն օգտագործել է անհիշելի ժամանակներից՝ ջրաղացներում, իսկ XIX դարից՝ ջրէկներում: Օգտագործվում է նաև մակընթացությունների և ծովային ալիքների էներգիան: Այժմ ամենուրեք արգելված է արդյունաբերական թափոններն ու կեղտաջրերը ջրավազանների մեջ լցնելը: Յուրաքանչյուր ջրային ավազանի աղտոտում բերում է ընդհանուր ջրոլորտի աղտոտման, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն է ունենում ամբողջ աշխարհագրական թաղանթի վրա: Երկրի վրա եղած ջրի ընդհանուր քանակը չի փոխվում և անընդհատ շարժման մեջ է: Ծովերի ու օվկիանոսների, գետերի ու լճերի մակերևույթից ջուրը գոլորշիանում է, մթնոլորտի վերին շերտերում խտանալով՝ առաջացնում է ամպեր, որոնք անձրևի կամ ձյան տեսքով թափվում են Երկրի վրա: Սա ջրի փոքր կամ տեղական շրջապտույտն է: Ավելի բարդ է ջրի համաշխարհային կամ մեծ շրջապտույտը. օվկիանոսից գոլորշիացած ջրի մի մասը թափվում է օվկիանոսի վրա, իսկ մյուս մասը քամիների միջոցով տարվում է ցամաքի խորքը և տեղումների ձևով թափվում այնտեղ: Դրա մի մասը սնում է գետերը, մյուս մասը ներծծվում է՝ առաջացնելով ստորգետնյա ջրեր, կամ կուտակվում լճերի, ճահիճների կամ սառցադաշտերի մեջ և ի վերջո կրկին վերադառնում օվկիանոս:

Оставьте комментарий